Պատերազմում անմահացած Մայիս Հովսեփյանը կդառնար 21 տարեկան
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում ներկյացնել ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած հերոսներին.
«Ամենախելացին» խաղից շատերիս հայտնի Մայիս Հովսեփյանը Երևանում էր ծնվել։ Կարմիր վկայականով ավարտել էր դպրոցը, 3 տարի անվճար սովորել ու ավարտել Ագրարային համալսարանին կից քոլեջի մենեջմենթի բաժինը, ապա ընդունվել նույն Ագրարային համալսարանի երկրորդ կուրս։
Կիսատ թողնելով ուսումը 2019 թ. դեկտեմբերի 25-ին Մայիսը մեկնեց պարտադիր զինվորական ծառայության։ Ջրականում (Ջաբրայիլում) էր ծառայում։ Սեպտեմբերի 25-ից Մայիսը իր զինակիցների հետ արդեն դիրքերում էր։ 9 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Կռվեց սկզբում Ջրականում, ապա Հադրութում ու Վարանդայում։ Այդ ողջ ընթացքում Մայիսը հասցրել էր աչքի ընկնել բազմաթիվ հերոսական դրվագներում. զինակիցների հետ ոչնչացրել էին թշնամում դիվերսիոն խումբ, դիրք գրավել, վիրավոր հրամանատարին կրակի տակից դուրս բերել։
Հոկտեմբերի 17-ին հարազատները վերջին անգամ են խոսում Մայիսի հետ։ Ասում էր՝ «ամեն բան լավ ա լինելու ու շատ շուտով մեր հաղթանակն ենք տոնելու»։
Ավաղ, հոկտեմբերի 21-ին Մեխակավանի մոտ թշնամու դիպուկահարը թիրախավորում է Մայիսին ու նրա հրամանատարին։ Երկուսն էլ զոհվում են...
2021 թվականի հունվարի 2-ին Վարանդայից զոհված զինծառայողների մարմիններ դուրս բերեցին։ Նրանց մեջ էր նաև Մայիսը։ Նրան գտել էին իր զենքով, իր շորերով ու զինվորական պարագաների հետ միասին:
«Որդուցս հիշատակ մնաց զինգրքույկը, որը ամիսներ շարունակ գրպանում է եղել, հանել, չորացրել պահել ենք: Մեկ էլ՝ վզի փայտից խաչը»,- ասում է մայրը:
2021 թվականի փետրվարի 6-ին, ԴՆԹ փորձաքննություններից հետո, Մայիսին մայր հողին հանձնեցին։
Այսօր Մայիսի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Երկնային ծնունդդ շնորհավոր, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի