ԱՆԻՖ-ը տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից
«Փաստինֆո»-ն, որ հետևողական կերպով լուսաբանում ու անդրադառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու գործարքներին, գրում է.
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն, կարճ ասած՝ «ԱՆԻՖ»-ը դատի է տվել «Փաստինֆո» լրատվական գործակալությանը։ Հարցին, թե ինչու՞ է դատի տվել՝ օրենքի տառին համահունչ կդժվարանա պատասխանել նույնիսկ «ԱՆԻՖ»-ը, որին ՀՀ կառավարությունն օժտել է բացառիկ լիազորություններով՝ վերջինիս հավատարմագրային կառավարմանը հանձնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և օժտելով նրան պետական ներկայացուցչության մանդատով։ Ինչը նշանակում է՝ տվյալ ֆոնդի պաշտոնական կայքէջի ամենաերևացող մասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն պիտի հանրության հետ հետադարձ կապի իրականացման ապահովմանն ուղղված տեղեկատվություն լիներ։ Ընդ որում, դա պիտի նրա համար առաջնահերթություն համարվեր։
Մինչդեռ «ԱՆԻՖ»-ը որդեգրել է օրենքը կոպտորեն խախտելու ու ԶԼՄ-ների՝ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակելու, խոչընդոտելու քաղաքականությունը։ Ըստ օրենքի տեղեկատվություն ստանալու իրավունքն այստեղ ի սկզբանե բախվում է պատի։ Ֆոնդի ներկայացրած ներդրումային ծրագրերը բացելու, թեման զարգացնելու, այն հանրության համար թափանցիկ դարձնելու հնարավորություն ընձեռնված չէ լրատվամիջոցներին։
Իսկ ցանկացած լրատվամիջոցի գործունեության կարևոր գործառույթը պետական մարմինների, այդ թվում՝ պետական ֆոնդերի գործունեության, ծրագրերի վերաբերյալ հասարակությանը իրազեկելն է։ Եվ այս համատեքստում էլ «Փաստինֆոն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող՝ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր է ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ին՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ։ Նկատենք, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի արդեն ավելի քան 21 տոկոսը կասկածելի եւ մութ գործարքի պայմաններում նոր գնորդները նվիրել են կառավարությանը, որն էլ դրանց կառավարումը, ինչպես նշեցինք, հանձնել է ԱՆԻՖ-ին։
«ԱՆԻՖ»-ի տնօրենների խորհրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ով տևական ժամանակ արդեն հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետի՝ իշխանության թեկնածու, ինչը նշանակում է նա ակնկալում է դառնալ Հայաստանի ամենահանրային դեմքերից մեկը՝ մշտապես լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում, նրանց հարցերին ականջալուր։ ՈՒրեմն, պատրաստ պիտի լինի հանրության հետ բաց և թափանցիկ, մշտական փոխշփման մեջ գտնվելուն։
Բայց դառնանք «ԱՆԻՖ»-ին. կայքում մենք չկարողացանք գտնել որևէ տեղեկատվություն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մասին։ Ավելին, տեղեկություն չկա նաեւ տնօրենների խորհրդի անդամների, այդ թվում միջազգային անդամների կոնտակտների մասին։ Լրատվամիջոցին մնում էր պատկան մարմնին գրավոր հարցեր ուղղելը և պատասխաններ ստանալը, ինչն էլ արել է «Փաստինֆոն»՝ իրականացնելով իր բուն գործառույթը։ Ընդ որում՝ այս կառույցից հավաստել էին, որ թեեւ Էլեկտրտոնային փոստերի հասցեները հրապարակված չեն, բայց իրենց միջոցով կարող ենք հարցումները ուղարկել։
Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝ Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել: Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլրդ դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:
Հարցերը, որոնք, ըստ էության, հանրության հետաքրքրությունների տիրույթում են, տևական ժամանակ անպատասխան մնալուց հետո կարելի է ասել առկախվել են, քանի որ խմբագրության ստացած անստորագիր նամակը ոչ մի պատասխան չի պարունակել, ինչն էլ արձանագրվել է «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ հունիսի 25-ին հրապարակված նյութում։
Դրանից շուրջ 1,5 ամիս անց տեղեկանում ենք, որ մեր հարցմանը չպատասխանած այս կառույցը դատական հայց է ներկայացրել՝ իրենց գործողությունների վերաբերյալ մեր գնահատակողական կարծիքի համար։
Նկատենք՝ ԱՆԻՖ-ից պատասխան կամ հերքում խմբագրությունը չէր ստացել ու միայն դատարանից է տեղեկացել վեճի մասին, իսկ ինչն է վիճարկում ԱՆԻՖ-ը։ Պարզվում է այն, որ մեր հարցումը հասցեատերերին չհասնելը դիտարկել ենք որ նրանց զերծ են պահում ԶՊՄԿ-ի՝ մութ, կոռուցպիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց։ ԱՆԻՖ-ը չի ասում, որ մեր հարցումներն ուղարկել են հասցեատերերին, ինչի մասին մեզ տեղյակ են պահել։ Չի ասում, որովհետեւ 5 տարբեր անձանց ուղարկված հարցումներին ի պատասխան ստացված անստորագիր գրության մեջ նման խոսք չկա։ Բայց պարզվում է, ըստ ԱՆԻՖ-ի, ԶԼՄ-ն, լրագրողը իրավունք չունի իրենց գործողությունների կամ անգործության վերաբերյալ հանդես գալ գնահատողական վերաբերմունքով։ Իրենք կարող են խախտել օրենքը, իսկ մենք էլ պետք է ասենք կեցցե ԱՆԻՖ-ը։
Մտայնությունը, թե՝ լրատվամիջոցները զուտ տեղեկատվություն փոխանցող են, խորապես սխալ է, քանի որ հետաքննական, վերլուծական, հրապարակախոսական լրագրությունը լրատվամիջոցներից անբաժանելի են։
Ի վերջո, մենք ժողովրդավարական երկրում չենք ապրու՞մ, Փաշինյանն էր կարծես հայտարարել, թե ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է։ Իսկ ժողովրդավարական երկրում թիվ 1 նախապայմանը հրապարակայնությունն ու հաշվետվողականությունն է։ Ախ, հա, այդ հայտարարությունը միայն միջազգայինների ականջների համար է, իսկ մենք Հայաստանում գիտենք, թե ինչն է իրականում այս իշխանությունների բրենդը՝ մարտնչող տգիտությունն ու մանիպուլյացիան, ճնշումները։
ժողովրդավարական պետության մեջ ինչպե՞ս կարող է կառավարությունը գործարք կնքել բոլոր ժամանակներում պետության թիվ 1 հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և այդ գործարքի մանրամասները թաքուն պահել հասարակությունից։ Լրատվամիջոցին էլ , որը հանրությանն իրազեկելու համար հարցեր է ուղղում, անպատասխան թողնել, դեռ մի բան էլ դատի տալ՝ 5 միլիոն գումար պահանջել։ Ասենք ինչու այդքան քիչ՝ գուցե միանգամից 50 մլն միանգամից պահանջեիք։ Այս գրաքննությունը և այս ճնշիչ մեքենան ու՞ր է տանում Հայաստանը։
Բնականաբար, «Փաստինֆո»-ն պատասխանատու է իր հայտնած յուրաքանչյուր մտքի համար՝ ինչպես իր ամենօրյա գործառույթներն իրականացնելիս, այնպես էլ՝ խնդրո առարկա դեպքում։
Կհանդիպենք դատարանում, որտեղ կհիմնավորենք գնահատողական դատողություններով հանդես գալու իրավունքը, նաեւ՝ հիմքերը։
Իսկ եթե, ցանկանում են զրկել մեր կարծիքն ու տեսակետը հայտնելու, մեր գնահատականն ունենալու իրավունքից, ներողություն, թույլ չենք տա»։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքում կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան
- ԶՊՄԿ-ն գաղտնի որոշմամբ ևս 6.8 տոկոս բաժնետոմսեր է նվիրել կառավարությանը
- «Զանգեզուր Մայնինգ»-ն ընդդեմ ԶՊՄԿ-ի գործով դատավորի նկատմամբ ճնշումներ են կիրառվում. «Փաստինֆո»
- Ամերիկացիները զգուշացրել են Փաշինյանին՝ «Don’t flirt with Trotsenko». «Փաստինֆո»
- «Փաստինֆո». Նոր ատոմակայան կառուցելու Տրոցենկոյի խոստումները մնացին պղպջակների մակարդակում
- Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է. Փաշինյանը՝ ԶՊՄ կոմբինատի 25 %-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան