«Նոր» Բրիտանիան, «արցախցի» Ռուբեն Վարդանյանն ու «հին» Ադրբեջանը Անժելա Էլիբեգովայի հետ հարցազրույցում
Եղիսաբեթ II թագուհու մահից հետո Անգլիայի թագավոր դարձավ Ուելսի նախկին արքայազն, թագաժառանգ Չարլզը, որն ընդունեց Կառլ III անունը: Panorama.am-ն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային մի քանի հարց ուղղեց Անգլիա-Ադրբեջան հարաբերությւոնների և Արցախի շուրջ զարգացումների վերաբերյալ:
Panorama.am-Մեծ Բրիտանիայի նոր թագավորի նշանակումը ինչպե՞ս կազդի Լոնդոն-Բաքու հարաբերությունների վրա՝ Ադրբեջանում բրիտանական նավթային, գազային պրոյեկտների առկայության տեսանկյունից:
Ա. Էլիբեգովա-Բրիտանական մամուլում և հետաքննություններ անցկացնող միջազգային կազմակերպությունների հրապարակած հոդվածներում տարիներ առաջ արդեն բացահայտվել են ադրբեջանական ֆինանսական և քաղաքական էլիտաների սերտ ընկերական կապերը և՛ արդեն թագավոր Չարլզի, և՛ արքայազն Էնդրյուի հետ, որոնք բավականին լուրջ ֆինանսական կապեր ունեն ադրբեջանական էլիտաների հետ:
Արքայազն էնդրյուն նաև շատ հաճախ սիրով հյուրընկալվում է Բաքվում: Դրա մասին միջազգային մամուլը բավականին մանրամասն գրել է: Ադրբեջանական կապիտալը և օլիգարխների երեխաները, այդ թվում նաև Իլհամ Ալիևի ընտանիքը Լոնդոնում մեծ ֆինանսական և տնտեսական բիզնես պրոյեկտներ ունեն, այդ թվում նաև բավականին թանկարժեք անշարժ գույք՝ բնակարաններ, տներ, որոնց մասին նույնպես հաճախ գրվում է բրիտանական մամուլում: Այսինքը՝ ֆինանսական և տնտեսական կապերն բավականին ամուր են Բրիտանական և Ադրբեջանական էլիտաների մջև:
Panorama.am-Բրիտանական տնտեսական շահն ընդհանրապես ի՞նչ ազդեցություն է ունեցել արցախյան հիմնախնդրում այդ պետության դիրքորոշման վրա:
Ա. Էլիբեգովա-Ինչ վերաբերում է Բրիտանիա-Ադրբեջան հարաբերություններին՝ բրիտանական նավթային և գազային պրոյեկտների շահի տեսանկյունից, ապա ասեմ, որ դրանք միանշանակ ազդում են տարածաշրջանում իրենց հետաքրքրությունների վրա, քանի որ 1994 թվականից սկսած «Բրիթիշ փեթրոլիում»-ը մտավ Ադրբեջանական շուկա և այդ կորսորցիումը դարի գործարքի շնորհիվ ստացավ մեծ հնարավորություններ ադրբեջանական նավթագազային հատվածում լուրջ դիրքեր գրավելու առումով և մոտակա տասնամյակում այնտեղից գնալու որևէ պլաններ չունի:
Այդ 100 մլրդ դոլարի ներդրումները, որ արվել են «Բրիթիշ փեթրոլիում»-ի կողմից Ադրբեջանի նավթագազային սեկտորում, նաև պայմանավորում են այն փաստը, որ նրանք բավականին լուրջ կերպով հետևում էին, որպեսզի ադրբեջանական նավթամուղերը և գազամուղերը պատերազմների ընթացքում վնաս չկրեն և պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանական նավթագազային սեկտորին հանկարծ որևէ վնաս չհասցվի: Եվրոպական կառույցները, մասնավորապես՝ Բրիտանիան աչալուրջ հետևում էին, որպեսզի իրենց տնտեսական հետաքրքրություններին հանկարծ պատերազմը վնաս չհասցնի:
Panorama.am-Արցախի շուրջ զարգացումների համատեքստում կխնդրեի նաև անդրադառնալ ՌԴ արդեն նախկին քաղաքացի Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու անսպասելի որոշմանը:
Ա. Էլիբեգովա-Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու վերաբերյալ ասեմ, որ այստեղ ինձ համար ուշագրավ էր նրա՝ ադրբեջանական հասարակության հետ համակեցության ուղիների և երկխոսության մասին հայտարարությունը: Կարծում եմ, որ պետք է բավականին զգույշ լինել նման մտքերի կամ պլանների հարցում, քանի որ մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանում հայատյացությունը որպես պետական քաղաքականություն պատերազմից հետո ոչ միայն չի դադարել, այլ հակառակը՝ միայն ահագնացել է: Թշնամին շարունակում է պատերազմի պատրաստվել, իր սերունդներին մեծացնել հայատյացության մթնոլորտում:
Այս առումով շատ վտանգավոր է մեզ համար, որ եթե մեզ անընդհատ քարոզեն խաղաղ համակեցություն, իսկ թշնամին շարունակի պատրաստվել ագրեսիայի և հարձակման, ապա այն կարող է բթացնել մեր զգոնությունը և ստեղծի անիրական պատրանքներ: Հետևաբար իրատեսական չեմ տեսնում առանց Ադրբեջանի ներսում շատ լուրջ դենացիֆիկացիայի պրոցեսի, որևէ երկխոսության և խաղաղ համակեցության որևէ փորձ:
Զրուցեց Ա. Վարդանյանը
Հարակից հրապարակումներ`
- Բրունեյի սուլթանը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո դարձել է աշխարհի ամենաերկարակյաց միապետը
- Շաբաթ օրը Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մեկնել Արցախ