Քյարամյանն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների
Քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:
Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տևողությամբ, կայացած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների կողմից բարձրացված մի շարք հարցադրումների և պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, շարունակաբար կազմակերպել համանման հանդիպումներ՝ նախաքննական մարմնի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքների վերաբերյալ համակողմանի պարզաբանումներ տրամադրելու նկատառումներով: