Իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է. Սեյրան Օհանյան
«44-օրյա պատերազմի հետևանքով կտրուկ փոխվել է Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրը»,- «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, ռազմաքաղաքական բալանսի խախտման պայմաններում Ադրբեջանի ախորժակը բացվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավվել է տարածաշրջանային գործընթացների մեջ՝ ձգտելով կազմավորել նոր 3+3 բանաձևով հարթակ։
«Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Նաև հարց է ծագում՝ Հայաստանն արդյո՞ք իր անվտանգության երաշխավորն է այսօր»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ ակնհայտ է՝ ռուս-արևմտյան հակամարտությամբ պայմանավորված Թուրքիան և Ադրբեջանը պահն անգամ չեն կորցնի մեր երկրի դեմ ագրեսիվ գործողություններ վերսկսելու համար։
«Հարցն այն է՝ եթե ոչ համարժեք, ապա գոնե արժանապատիվ դիմակայության պատրաստվելու փոխարեն Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո որդեգրել և սեփական ժողովրդին պարտադրում են խաղաղություն ամեն գնով սկզբունքը՝ տեղի տալով թուրք-ադրբեջանական ցանկություններին ու ճնշումներին։
Բայց դա խաղաղության կեղծ օրակարգ է, նման այն օրակարգին, ինչի արդյունքում ստացանք պատերազմ ու պարտություն»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով, օգտվելով ՀՀ իշխանությանների սխալ, զիջողական ու տարերային արտաքին քաղաքականությունից՝ Թուրքիան շաղկապել է հայ-թուրքական ու հայ- ադրբեջանական հարաբերությունները, համարում է, որ միայն Ադրբեջանի պահանջները բավարարելուց հետո է հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը․ «Պետք է կույր լինել ու չտեսնել, որ Ադրբեջանի պահանջները հետևյալն են Հայաստանի, Արցախի հարցում՝ ապառազմականացնել Արցախը, Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, տրամադրել Զանգեզուրի միջանցք, հանձնել հատվածներ՝ անկլավներ Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Անհերքելի է նաև, որ Թուրքիան իր հերթին պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի պետականորեն հետապնդելուց, ինչպես նաև վերահաստատել Կարսի պայմանագիրը»։
Ս. Օհանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ սպասարկելով թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը, գործնականում այո է ասել նրանց բոլոր պայմաններին՝ բացառությամբ Զանգեզուրի միջանցքի, սակայն տեսնում են, որ օղակը սեղմվում է, քանզի բաց է թողնվել թանկագին ժամանակն ինչպես բանակը վերականգնելու, այնպես էլ դիվանագիտական ոլորտում քայլեր ձեռնարկելու համար։
«Ու քանի դեռ Հայաստանը պարտության դեմքով է ներկայացված, կորուստներն ու սպառնալիքներն անընդհատ աճելու են նաև ճնշումների ձևով։ Փաշինյանը հանուն սեփական իշխանության պահպանման՝ Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ. Բրյուսելի ու Մոսկվայի արանքում խաղալով և երկուսին էլ այո ասելով՝ Հայաստանը մտցրել է ծանր վիճակի մեջ, նաև մեծացել է Ադրբեջանի հնարավորությունները, քանզի թույլ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում, հակառակը՝ փորձում են Ադրբեջանին բավարարել, բնականաբար, մեր հաշվին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով, անվտանգային այս միջավայրում, երբ ահագնացող սպառնալիքների պայմաններում երկրի նորմալ ղեկավարությունը պետք է արագ ուսումնասիրեր պատերազմի հետևանքներն ու ռազմավարական վերանայում իրականացնելով որոշեր այն գերկատարությունները, որոնք Հայաստանն ու Արցախն այս ճգնաժամային իրավիճակից կհանեին, իրենք հանգիստ նստած իրենց աշխատասենյակներում վայելում են իրենց առօրյան ու պարգևավճարները։
«Հայկական կողմի համար իրավիճակը շտկելու կարևոր նախապայման է ազգային շահերով առաջնորդվող նոր բանակցող և հասարակությանը համախմբող ղեկավարություն ունենալը։ Այսինքն իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է, այստեղ է որ կարող ենք ասել՝ պարտված իշխանությանը հեռացնելով, հնարավոր է բեկել անկումների ու զիջումների կործանարար ընթացքը»,- ասաց Ս. Օհանյանը։
Նա թվարկեց այն քայլերը, որոնք պետք է արվեն՝ բանակի վերակառուցում պաշտպանության ամրապդնմամբ, լայն ընդգրկվածություն ունեցող դիվանագիտական աշխատանք, հայ-ռուսական հարաբերությունների որակապես նոր մակարդակի ապահովում՝ հատկապես Արցախում խաղաղապահ ստորաբաժանումների դերի ու հեռանկարաների որոշմամբ, տնտեսության զարգացման համար արվելիք ներդրումային ծրագրեր համահայկական ամբողջ ներուժի օգտագործմամբ, հանրության համախմբում և նաև ռազմավարական կամքի ձևավորում, Արցախը պետք է ինքնորոշվի, անկլավային վիճակն անթույլատրելի է, լայն կապ պետք է ունենա մայր Հայաստանի հետ, Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախի հարցը չի կարող լուծել երկողմ ֆորմատով, պետք է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ու նրա բոլոր հնարավորությունները, «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում ու պետք է մնա հայկական» կարգախոսը ոչ թե հուզական, այլ գործնական նշանակություն ունի, բխում է ՀՀ անկախության հռչակագրից ու անվտանգության խնդիրների լուծման անհրաժեշտությունից։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին