ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են իրանական ցեմենտի ներմուծման 14 հազար դրամ տուրքը նվազեցնել 9 հազարի
«Եթե շատ կարճ ասեմ՝ նախագծով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ նրա հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել»,-ԱԺ-ում հայտնեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի համահեղինակ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
Ըստ Թունյանի՝ վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տվել, որ մինչ այդ ցեմենտի ներկրման համար 14 հազար դրամ տուրք սահմանելը ժամանակին ճիշտ քայլ էր, որովհետև հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճել են:
«Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էական մեծացել է:
Նրա խոսքով՝ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են և իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է տրանսպորտային ծախսերի ավելացման հետևանքով:
«Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»,-հայտնեց ՔՊ պատգամավորը՝ տեղեկացնելով, որ վերջին շրջանում կառուցապատողներն այդ թեմայով շատ են արտահայտել իրենց դժգոհությունները:
Հիմնավորելով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ պատգամավորն ասաց, որ ներմուծվող ցեմենտի վրա նախկինու դրված տուրքը չպակասեցնելու դեպքում արհեստականորեն թանկանալու է շինարարությունը, իսկ բնակարան ունենալու խնդիրն ավելի է ծանրանալու:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցի մասին պետք է խոսվի դեկտեմբերին. Ալեն Սիմոնյան
- Հայաստանը 26 մլն 500 հազար եվրոյի վարկ է վերցնում
- Տնտեսվարողները խոտան ապրանք ունենալու դեպքում կկարողանան 1%-ով նվազեցնել շահութահարկի բազան
- Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը՝ առանց ընդդիմության