Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը՝ առանց ընդդիմության
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են ԱԺ նիստերը:
«Հայաստան» խմբակցությունը տարածել էր հայտարարություն խորհրդարանական գործունեության վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված էր. «Ապօրինություններով գործող խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ եւ նրա հանձնաժողովների նիստերին»։
«Ազատությանը» «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան հայտնել էր. «Պատիվ ունեմ» խմբակցությունը կշարունակի բոյկոտել Ազգային ժողովի նիստերն ու չի մասնակցի առաջիկա քառօրյային։ Բոյկոտի հետ կապված մեր որոշումը փոփոխության չի ենթարկվել»։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 12-13-ը «Անի Գրանդ» հյուրանոցում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հանրային քննարկում կանցկացնեն՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան». Չենք մասնակցելու ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին
- «Ժողովուրդ». Ինչու են հարցաքննում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին