Գնալով բացահայտ է դառնում՝ թշնամին դրսից, օրվա իշխանությունը ներսից նույն քաղաքականությունն են տանում. Ռուստամյան
«Ուկրաինայում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները վերջնականապես ամրապնդեցին համոզումը, որ այլևս չի գործում միջազգային նորմերի հարգման վրա հիմնված, այսպես կոչված, Հելսինկյան աշխարհակարգը, տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք ուղղված են ուժային կենտրոնների շուրջ ազդեցության նոր գոտիների առաջացմանը»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, այս համատեքստում ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարբերությունների կարգավորման հարցն ունի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդգրկում, կարող է կանխորոշել համահայկական խնդիրների լուծման և հայոց պետականության զարգացման ընթացքը։
«Հետևաբար, կենսական զիջումներից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ և պահպանել միմիայն հայեցակարգված մոտեցում:
Իսկ ի՞նչ է կատարվում ներկա պահին։ Միասնական ճակատով հակահայկական ու պանթուրանական ծրագրերը կյանքի կոչելու Թուրքիայի ու Ադրբեջանի լայնամասշտաբ գործողություններին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել խաղաղության դարաշրջան բացելու ուտոպիստական գաղափարի իրագործմանը»,-ասաց Ա. Ռուստամյանը:
Ընդդիմադիր գործչի խոսքով, պարզ է՝ Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում անհրաժեշտ է այնքանով, որքանով դա կարող է ծառայեցվել իր ու Ադրբեջանի համար էական պահանջների բավարարմանը. «Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը միասին և գրեթե միաժամանակ հանդես են եկել հարաբերություններ հաստատելու բնույթով վերջնագրային այնպիսի առաջարկություններով, որոնցից հրաժարվել, իրենց համոզմամբ, Հայաստանը ներկա պայմաններում չի կարող: Նրանք փաստացի ուժի կրկնակի կիրառման սպառնալիքով փորձում են հնարավորին արագ ստանալ առավելագույնը 44-օրյա պատերազմից իրենց համար բարենպաստ արդյունքներ:
Այս պայմաններում Հայաստանի կողմից հարաբերություններ հաստատելու անվերապահ պատրաստակամությունը ենթադրում է, կանգ չառնելով անդառնալի կենսական զիջումների առջև, ստանալ ամեն գնով հաշտություն: Ակնհայտ է, որ այդ գնով ձեռք բերված հաշտության հետևանքը այս տարածաշրջանում հայկական գործոնի որպես այդպիսին վերացումն է և հայոց ինքնիշխան պետականության փլուզումը:
Հետևաբար, մենք պարտավոր ենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մեջ մտնել՝ խստորեն սահմանելով մեզ համար կենսական կարմիր գծերը, հակառակը՝ մեր հայկական ինքնության կորուստն է և ազգային պետականության կործանումը»,- ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով, գնալով ավելի բացահայտ է դառնում, որ թշնամին դրսից, իսկ օրվա իշխանությունը ներսից վերջնահաշվում նույն քաղաքականությունն են տանում՝ ամեն կերպ ստիպելու հայ ժողովրդին դադարեցնել սեփական շահերի համար պայքարը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Սարգսյան. Պետք է կանխել խաղաղության պայմանագրի կնքումը
- Իշխանափոխությունը ոչ միայն ու ոչ այնքան ներքաղաքական, որքան անվտանգային հարց է. Սեյրան Օհանյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի ու Արցախի անվտանգության համար առաջին սպառնալիքն այս իշխանությունն է
- Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան