Աժ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են այսօր մեկնարկած Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը։ Ընդդիմադիրները համատեղ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով հանրային քննարկում են իրականացնում։
Քննարկումը մեկնարկեց Հայաստանի օրհներգով։
«Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս դահլիճում գտնվում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ, գիտնականներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր խորությամբ հասկանում են Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների բնույթը, կարողանում են առաջնային օրակարգերը տարբերակել երկրորդականից, իրենց աշխատանքով, իրենց պայքարով ծառայել և ծառայում են Հայաստանին ու հայ ժողովրդին։
«Հայաստանի կարևոր և առաջնային բոլոր օրակարգերով մենք նախաձեռնելու ենք նմանատիպ քննարկումներ խորհրդարանից դուրս ավելի ներկայացուցչական կազմով՝ ավելի խորությամբ, բովանդակային քննարկումներ ունենալու և լուծումներ առաջարկելու ակնկալիքով»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Ըստ նրա, այսպիսի ձևաչափերն են, որ ի վերջո դառնում են ճգնաժամային իրավիճակներին լուծում տվող, նաև այդ լուծումներն իրական քաղաքական ու ազգային օրակարգ դարձնող կենտրոններ, որոնք անհրաժեշտ պահին կարող են նաև առաջնորդողի դերակատարում ստանձնել։
«Այսօր իր աշխատանքներն է սկսել Հայաստանի ութերորդ գումարման Ազգային ժողովը։ Ազգային ժողով, որը ձևավորվել է 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրականությունում, իրականություն, որը մեզ պարտադրում էր լինել ավելի կազմակերպված, բոլոր ուժերը պետք է ջանքեր գործադրեն մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։
Թվում էր՝ բոլոր գումարման ԱԺ-ներից այս ԱԺ-ն պետք է տարբերվեր իր բացառիկ պետականությամբ, ամեն ջանք գործադրեր երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ։
Սակայն պարտության և ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ և, վստահ եմ, որ պատմության մեջ կմնա որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման Ազգային ժողովը, որտեղ իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է ազգային և պետական շահը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, այս նույն վայրկյաններին, երբ Հայաստանի փորձագիտական, մտավորական, հասարակական, քաղաքական դաշտի ներկայացուցիչները քննարկում ենք հայ ժողովրդի առջև ծառացած իրական մարտահրավերները, ԱԺ շենքի պատերի ներսում շարունակվում է կրկես հիշեցնող էժանագին շոուն։
«Ուստի մեկ անգամ ևս ցանկանում եմ անդրադարձ կատարել ԱԺ աշխատանքները բոյկոտելու մեր որոշմանը։
Հայաստանի իրական և առաջնային օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում։ Մենք մեր հարյուր հազարավոր քաղաքացիներից մանդատ ենք ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար։
Հայաստանի օրվա իշխանությունները և նրա կցորդ Ազգային ժողովի մեծամասնությունը ոչ միայն չեն սպասարկում այդ օրակարգը, այլև աշխատում են դրա դեմ՝ նոր սպառնալիքներ ստեղծելով մեզ համար։
Այսօր ԱԺ-ում կա ամեն ինչ, բացի հայ ժողովորդի, Հայաստանի և Արցախի շահերի պաշպանությունից։ Հադրութի և Շուշիի դեօկուպացիա խոստացած և նաև դրա համար քվե ստացած քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է ԱԺ-ում դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին։
Ազգային ժողովի այսօրվա՝ այսպես կոչված մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել ընդդիմության կողմից հրավիրված արտահերթ նիստին, որտեղ պետք է ընդունվեր հայտարարություն Հայաստանի կարմիր գծերի մասին, մասնավորապես, հայտարարվեր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Ուրեմն հարկավոր է նրանց մենակ թողնել թշնամու օրակարգը սպասարկելու իրենց ընտրության մեջ։ Հայաստանի թշնամիները, միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի, Արցախի բոլոր քաղաքական առողջ ուժերը տեր են իրենց հայրենիքին և «Քաղաքացիական պայմանագիրը» Արցախը վաճառելու գործում գտնվում է միայնակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, իրենք պատկերացնում են, թե ինչպես պետք է 5000-ամյա մեր ժողովուրդը ալեկոծ ծովում շարունակի իր նավարկությունը, բայց նաև քաջ գիտակցում են, որ նավի ղեկին եթե շարունակի մնալ նման իշխանություն, նավն անընդհատ հանդիպելու է խութերի, ի վերջո կործանվելու է։
«Այս իշխանության նպատակը ոչ թե նավի և անձնակազմի փրկությունն է, այլ այդ նավի ղեկին տիրելն ու իրենց անձնական փրկությունը։ Հետևաբար մեզ պետք է նոր նավապետ և նոր ուղղություն։
Ուստի ստեղծված իրավիճակից ելքը շարունակում է մնալ նոր կառավարության ձևավորումը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին համահունչ փրկության ծրագրի ներկայացումը և իրագործումը»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ «Դիմադրության» շարժումն ամբողջ աշխարհին առնվազն նվազագույն պահանջը կարողացել է տեղ հասցնել, որ օրվա իշխանությունը չունի մանդատ հայ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու կամ խաղաղության անվան տակ նոր կապիտուլյացիա ստորագրելու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան