Լեռնապատում ամփոփվել են 2-րդ ԱԹՍ մրցույթի արդյունքները
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում սեպտեմբերի 10-11-ը տեղի ունեցավ «Հաւք 2022» ԱԹՍ մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթին մասնակցեցին 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել էին օգոստոսի վերջին տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։ Մրցույթի հիմնական անվանակարգերը երեքն էին՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու մասնագիտացած ընկերություններ։
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամից հայտնում են՝ դպրոցական թիմերի աշխարհագրությունը բավականին լայն էր, ներգրավված էին թիմեր Երևանից, Արցախից, Սյունիքից, Շիրակից, Տավուշից, Լոռիից և Արագածոտնից։ Բոլոր անվանակարգերում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերն արժանացան խրախուսական դրամական պարգևների։
«Տարածքում կողմնորոշում և իրերի հայտնաբերում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորի GoSky թիմը։ «Բեռների առաքում» և «Հեղուկ նյութերի սփռում» խնդիրները լավագույնս լուծեց ՌՄՎ թիմը՝ Դիլիջանից։
Սիրողական թիմերից «Տարածքում կողմնորոշում և իրերի հայտնաբերում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հայդեքս» թիմը, «Բեռների առաքում» անվանակարգում՝ «Առաջնեկ» թիմը, իսկ «Հեղուկ նյութերի սփռում» անվանակարգում՝ HighFive թիմը։
Մասնագիտական թիմերից «ՄԻՏ կենտրոն» թիմը հաջողությամբ լուծեց «Բեռների առաքում» և «Տարածքում կողմնորոշում և իրերի հայտնաբերում» խնդիրները՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Ժյուրիի կազմում ընդգրկված էին Արմինե Հայրապետյանը (ԱԻՆ), Տիգրան Զաքարյանը (ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ), Սաթենիկ Մնացականյանը և Արման Պողոսյանը (Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ), Արտակ Չոփուրյանը (Instigate Mobile ընկերություն), Աշոտ Ղուկասյանը (BooTech ընկերություն), Հրանտ Խաչատրյանը և Հրաչյա Խաչատրյանը (Symotec ընկերություն), Վահագն Պողոսյանը («Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ), Սեդրակ Վարդանյանը և Ավագ Սայանը («Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ), Վահան Վարդանյանը (Promac ընկերություն), Արմեն Գյոկչյանը (Festo ընկերություն)։
Հիշեցնենք, որ ԱԹՍ մրցույթի կազմակերպման գլխավոր նպատակն է արտակարգ իրավիճակների համար անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև բարձրացնել երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը:
Մրցույթը կազմակերպվել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի կողմից։ Համակազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավոր՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ։ Հովանավորներ՝ Instigate, BooTech, Instigate Semiconductor, Instigate Design ընկերություններ: Գործընկերներ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, Լոռու մարզպետարան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին