Կամո Ունանյանը WSF վարկածով կրկին դարձավ աշխարհի չեմպիոն
Սեպտեմբերի 9-11-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում տեղի ունեցած WSF վարկածով աշխարհի առաջնությանը, սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը, մի քանի մենամարտեր հաղթահարելուց հետո, կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։
Հայաստանի կարատեի միությունից հայտնում են, որ WSF վարկածով աշխարհի առաջնությանը մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր։
«Իմ քաշային կարգում (-75 կգ) մենամարտել եմ Մարոկոն, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան, Ղազախստանը, Ալժիրը ներկայացնող մարզիկների դեմ, իսկ ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ՝ առանց շանսերի: Ինչպես խոստացել էի՝ ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ ու այնպես հաղթեմ թուրքին ու ադրբեջանցուն, որ ուզենան ավարտել իրենց սպորտային կարիերան», - ասել է աշխարհի չեմպիոն դարձած Կ. Ունանյանը:
75 կգ քաշային կարգում մրցաշարն ավարտվել է հետևյալ սանդղակով՝ 3-րդ հորիզոնականում՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, 2-րդ հորիզոնականում՝ Չեխիայի ներկայացուցիչ, և 1-ին հորիզոնականում՝ Հայաստանը ներկայացնող Կամո Ունանյան։
Միությունից հիշեցնում են՝ մինչև առաջնության մեկնարկը Կամո Ունանյանն ուներ ոտքի վնասվածք, բայց սա նրան չխանգարեց, որպեսզի 4 տարի անց կրկին նվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նախորդ անգամ 2018 թվականին Ստամբուլում կայացած WSF վարկածով աշխարհի առաջնությանն ժամանակ էր, որ 1/4 եզրափակչում Կամո Ունանյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: