Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկվել է տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր
Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
«Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:
Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի իրականացրած ջանքերը:
Խորհրդակցությունների ավարտին Յուլիան Ֆոտային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է հայ-ռումինական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք նպաստում են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը: Զրուցակիցներն քննարկել են հայ-ռումինական փոխգործակցության ամրապնդման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրությունում։