Սահմանն այսօր անցնում է Հանրապետության հրապարակով․ Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Նորից սկսեցին շրջանառել «Փոխանակ Նիկոլից բողոքեք, գնացեք սահման պահեք» (որպես տարբերակ՝ «խրամատ փորեք») լրիվ ապուշ, և այնուամենայնիվ շատերի վրա ազդող նիկոլական քարոզչական թեզը։
Տրամաբանորեն այն վաղուց ոչնչացված է, որովհետև արդեն բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Նիկոլը ստորագրությամբ կամ բանավոր «ըմբռնումով» թշնամուն հանձնում նույն այդ փորված խրամատները և տղերքի պահած դիրքերը։
Հիշում եմ, 2020-ի նոյեմբերին, արդեն պատերազմից հետո Նիկոլի պարկետային «ֆիդայիներից» մեկը ՖԲ-ում կոչեր էր անում փողոց դուրս գալու փոխարեն գնալ իր հետ խրամատ փորելու, մինչև կոնկրետ հարց չտվեցի, թե որտեղ է փորում և ինչպես կարող եմ իրեն միանալ։ Ամեն կերպ պատասխանից խուսափեց՝ վերջում հայտարարելով, թե իբր ռազմական գաղտնիք է իր գտնվելու վայրը։ (հիշում եք, չէ՞, առաջարկում էր միանալ իրեն)։ Ի դեպ, սույն հորքուրի գանդիկը հիմա պաշտոն ունի։
Բայց այս ապուշ թեզը շատ ազդեցիկ է ոչ թե տրամաբանական, այլ հուզական հարթությունում։ Նորմալ մարդկանցից շատ-շատերը մեղքի խորը զգացողություն ունեն, որ այս պայմաններում բավականաչափ չեն անում երկրի համար։
Այս իրավիճակում շատերս մեզ մեղավոր ենք զգում նույնիսկ երեխաների ծնունդը բարեկամական նեղ շրջանում նշելու կամ երեխային կառուսել տանելու համար և հենց այդ մեղքի զգացմունքն է թիրախավորում նիկոլական քարոզչությունը «գնացեք սահման պահեք» քարոզչական ցինիկ թեզով։
Եւ տրամաբանորեն ինչքան էլ հասկանանք, որ այդ թեզը կեղծ է, այնուամենայնիվ նորմալ (порядочный) մարդը դրանից նեղվում է ու սկսում մեղքն իր մեջ փնտրել, այնինչ այս ամենի իրական ու գլխավոր մեղավորն իր համար շվշվացնելով կյանք է վայելում՝ Հայաստանը կտոր-կտոր թշնամուն զիջելու հաշվին։
Երբ ասում են. «Գնացե՛ք սահման պահեք», ես պատասխանում եմ. «Այսօր սահմանը Հանրապետության հրապարակով է անցնում, քանի որ թշնամին նստած է կառավարության շենքում»։
Պատասխանելու այլ տարբերակներ էլ կան, այդ թվում շատ կարճ և կոնկրետ, բայց քանի որ դրանք ցենզուրայից դուրս են, այստեղ չեմ գրի։
Հ.Գ. Այս մանիպուլյացիաները գիտակցելը շատ կարևոր է. պատմեք այս մասին ձեր շրջապատի նորմալ մարդկանց, բացատրե՛ք, որ իրենց խղճի, հույզերի, ցավերի վրա խաղալով՝ Նիկոլն ընդամենը փորձում է մարդկանց լռեցնել, հետ պահել բողոքի ցանկացած դրսևորումից։ Եթե ձեր ծանոթները Ֆեյսբուքում չկան, այս տեքստը տպեք թղթի վրա, տվեք, թող կարդան»։