ՀԱՊԿ. Հայաստանի դիմումի առնչությամբ կազմակերպվել են սահմանային իրավիճակի կարգավորման մեխանիզմների գործարկման աշխատանքներ
ՀԱՊԿ քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել մարտական բախումներ ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ։ Արդյունքում կան զոհեր և վիրավորներ:
Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը։ Հակասությունները լուծելու համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 09-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Մենք բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 09: 00-ի դրությամբ, շփման գծում հրադադարի պահպանման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։
Հայկական կողմի՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը աջակցության կոչով դիմելու կապակցությամբ, կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորման ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով
- Արարատ Միրզոյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները
- Հայաստանի դիմումի կապակցությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ. Փաշինյան
- Հայաստանը պաշտոնապես կդիմի ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան