«Ժողովուրդ». Հրաչ Սարգսյանը Երևանի վարչական շրջանների աշխատակիցների մի ամբողջ ջարդ է նախատեսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևան համայնքի ավագանու կազմը, քաղաքապետ Հրաչ Սարգսյանի գլխավորությամբ, որը վարում է ավագանու նիստերը, Երևանի վարչական շրջանների աշխատակիցների մի ամբողջ ջարդ է նախատեսել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր հրատապ կարգով ավագանու նիստի օրակարգ է մտել մի նախագիծ, համաձայն որի՝ խայտառակ մեծ կրճատումներ են լինելու: Որքան էլ ասենք՝ մինչև հիմա հաստիքացուցակը ուռճացված է եղել, թաղապետարաններում սուրճ խմողներ կամ համակարգչով կլորակներ շարողներ են եղել, ամեն դեպքում, փաստ է, որ մարդիկ ընտանիք են պահել, և հիմա այդ բոլոր մարդկանց մի գրչի հարվածով կամ ձեռքի գործողությամբ քվեարկության դնել և այդ մարդկանց դարձնել գործազուրկ, մեղմ ասած, անընդունելի է: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում 12 համայնքից ունենալու ենք 134 աշխատակցի կրճատում, այսինքն՝ 228 հաստիքային միավորից մնալու է 94-ը:
Այս որոշումը ուշագրավ է այնքանով, որ չկա այլընտրանքային առաջարկ՝ ինչ պետք է անեն այդ մարդիկ աշխատանքից զրկվելուց հետո: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ մասնագիտացել են իրենց աշխատանքում, հիմա պետք է նոր աշխատանք փնտրեն: Ստացվում է որ Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, իշխանական ՔՊ-ն և նաև մյուս արբանյակ կուսակցությունները, որոնք որ պետք է այս որոշմանը կողմ քվեարկեն, ըստ էության նպաստելու են, որ գործազրկության մի մեծ ալիք նորից լինի Երևանում: Երեկվանից, ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ Երևանի տարբեր վարչական շրջանների աշխատակիցներից։
Նրանց պատմելով՝ վարչական շրջանների ղեկավարները այս օրենքի նախագիծը դարձրել են մահակ իրենց ձեռքին և սկսել են ազատվել անցանկալի կադրերից. շատ մարդկանց բանավոր ծանուցել են, որ ազատված են շուտով: Ահա թե ինչպես է սկսում Տիգրան Ավինյանն իր կարիերան՝ քաղաքային իշխանության գալով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա