12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է ավելանալ՝ կազմելով 10.2%. Մարտին Գալստյան
Հրավիրված մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դրամատան խորհրդի նիստում ընդունած որոշումները:
Նա տեղեկացրեց, որ ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.0 %:
«2022 թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջին կազմել 9.1%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է ավելանալ՝ կազմելով 10.2%»,-հայտնեց Մարտին Գալստյանը՝ տեղեկացնելով, որ երրորդ եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում ցածր տնտեսական աճի և բարձր գնաճի միտումները պահպանվում են:
Նրա խոսքով՝ զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն, ինչը կարտահայտվի համաշխարհային ֆինանսական պայմանների խստացմամբ և կհանգեցնի գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման, միջազգային ապրանքահումքային շուկայում գների որոշակի նվազման և համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական մեղմման:
Վերոնշյալ դիտարկումներից ԿԲ խորհուրդը եզրակացրել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա սպասվում է գնաճային ազդեցությունների թուլացում:
«2022 թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում շարունակում է դիտարկվել բարձր ակտիվություն, այն գերազանցապես դրսևորվում է ծառայությունների և շինարարության ճյուղերում: Դրական զարգացումները պահպանվում են նաև արտահանման ոլորտում»,-ասաց ԿԲ նախագահը:
Արձանագրելով որ տնտեսական բարձր աճին նպաստում է պահանջարկի մեծացումը՝ Մարտին Գալստյանը հայտնեց, որ վերջինս շարունակում է պայմանավորվել միջազգային այցելուների և դրամական փոխանցումների զգալի ներհոսքով:
ԿԲ խորհուրդը, Գալստյանի ներկայացմամբ, գտել է, որ պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը և նպատակահարմար է գտել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
«Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումն աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազեցմանը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի պարագայում 12-ամսյա գնաճը կնվազի և 2023 թ-ի վերջից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,-որոշել է ԿԲ խորհրդը և արձանագրել, որ որևէ ուղղությամբ գնաճի շեղման դրսևորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան