Փաշինյանի ԱԺ գալուն ընդառաջ բազմաթիվ ոստիկաններ էին բերվել խորհրդարանի մոտ
Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողով գալուն ընդառաջ այսօր բազմաթիվ ոստիկաններ, այդ թվում կարմիրբերետավորներ էին բերվել խորհրդարանի մոտ։
Ի դեպ, այսօր առավոտյան կառավարության շենքի հարակից տարածքում՝ փողոցներում ու հրապարակներում մեծ թվով ոստիկաններ կային։ Նրանք Փաշինյանի նստավայրի մոտ էին բերվել ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով։
Դեռ գիշերը ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, որ Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
«Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել»,-ասված էր ոստիկանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան