Միրզոյանը Լավրովին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում Ռուսաստանի Դաշնությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանն ու Վալերի Սեմերիկովը քննարկել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները
- Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել սահմանին ստեղծված իրավիճակը