Քանի դեռ ՀՀ իշխանության ղեկին անկարող, վախկոտ վարչախումբն է, հետևանքներն այսպիսին են լինելու. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված News.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում ասվում է. «Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա գոտեպնդում է մեր զինվորականներին:
Որպես քաղաքական ուժի ղեկավար` հետևում է իրավիճակին, որքան տեղյակ եմ՝ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված բնակավայրերի կուսակցական կառույցներից ստանում է տեղեկություններ, քննարկում տեղերում մարդկանց օգնելու հնարավորությունները:
Կուսակցության համապատասխան կառույցներն ու պատասխանատուները, նախագահի հանձնարարությամբ, դեռ գիշերվանից ակտիվ աշխատանքներ են սկսել միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու ուղղությամբ` ակնկալելով նրանց արձագանքն ու քաղաքական աջակցությունը հայ ժողովրդին:
Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխացման փորձերը. ՊՆ
- Փաշինյան. Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ
- ՊՆ. Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են
- ՊՆ-ն ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրադրությունը