Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը․ ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։Այս մասին նշված է ԿԽՄԿ տարածած հաղորդագրությունում։
«Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։
«Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները ստորագրած բոլոր կողմերի պարտավորությունն է», - ասել է ԿԽՄԿ գործառնությունների գծով ղեկավար Մարտին Շյուպը։
- «Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց աջակցելու մեր հանձնառությունը։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք հանդես գալու որպես չեզոք միջնորդ, մասնավորապես՝ այցելել ազատազրկված անձանց, եթե այդպիսիք կան, իսկ կողմերի փոխհամաձայնության և ցանկության դեպքում՝ նաև նպաստել նրանց հայրենադարձմանը։ Բացի այդ, պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների որոնման և դուրսբերման հարցում»։
ԿԽՄԿ-ն հիշեցնում է կողմերին քաղաքացիական և ռազմական գործողություններին մասնակցող անձանց տարբերակման անհրաժեշտության մասին։ Կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խնայելու քաղաքացիական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ առողջապահական հաստատությունները և բուժանձնակազմը։ ԿԽՄԿ-ն նաև գնահատում է առկա հումանիտար իրավիճակը՝ տուժած բնակչության հրատապ կարիքներին արագ արձագանքելու նպատակով »,- նշված է հաղորդագրությունում։