Մամիջանյանը հրապարակեց, թե ինչ առաջարկություններ է ներկայացրել «Պատիվ ունեմ»-ը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ ցանկանում է ներկայացնել իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել հայտարարության տեքստի հետ կապված։
Ըննդիմադիր խմբակցության ՀՀԿ-ական ղեկավարը ներկայացրեց, թե ինչ առաջարկներ են հնչել խմբակցության կողմից։
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները նրա որդեգրած հայատյացության քաղաքականության հերթական դրսևորումն են։ Այս և նախորդ իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանը չի փոխել իր մտայնությունը՝ ուժի միջոցով լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, ավելին, անպատիժ մնալով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ նախկին ոտնձգություններից հետո, արդեն իսկ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Այս գործելաոճով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ստեղծված իրավիճակը նաև Հայաստանի կողմից հետպատերազմական ժամանակահատվածում անվտանգային ներուժի վերականգնմանն ուղղված գործողությունների ու դիվանագիտական աշխատանքի ոչ լիարժեք իրականացման հետևանք է։
Ստեղծված իրավիճակն ապացուցում է, որ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցությունները համարժեք չեն Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին, տարածաշրջանային իրողություններին ու աշխարհքաղաքական զարգացումներին։ Ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը պետք է դիտարկել փաթեթային տրամաբանության մեջ, քանի որ այդ երկու հիմնախնդիրների տարանջատումը հղի է Հայաստանի ու Արցախի համար գոյաբանական անդառնալի խնդիրներով»,-առաջարկություններն ընթերցեց Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ի պատասխան այս առաջարկությունների, «իշխող խունտան» ընդունել է դրանց մի մասը, որը բացարձակապես չէր ներառում «ողջ աղը, հետագա բանակցային գործընթացի համար կարևոր իմաստը»։
Մամիջանյանի խոսքով, ինքն ասել է, եթե ներկայացրած կետերը լավն են, օգուտ են տալիս ու բխում են Հայաստանի Հանրապետության շահերից, ո՞րն է պատճառ, որ դրանք չեն ներառվում հայտարարության տեքստի մեջ։
«Այստեղից հետևություն. Արյունոտ շոուն, որը նրանք կազմակերպեցին մեր զինվորների արյան վրա այս դահլիճում, ոչ այլ ինչ է, քան այս կամ այն քաղաքական ծուղակը ձևակերպել։ Նորից եմ ասում, եթե առաջարկները լավն էին, մեր քվեարկության համա՞ր էիք դրանք ներառում։ Ինչո՞ւ չեք ներառել այս առաջարկությունները վերջնական տեքստում։ Մեզ անընդհատ ասում են՝ ինչո՞ւ չեք վերադառնում դահլիճ։ Երբ մեր սահմանների վրա ագրեսիա է, վերադառնամ դահլիճ, որ Սիմոնյան Ալենը քննարկի, թե ընդդիմությունը ոնց աշխատի՞։ Արդյոք այս մեսիջները պե՞տք է երկրի թիվ մեկ ամբիոնից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը հնչեցնի»,-ասաց նա՝ ավելացնելով, մինչդեռ կարելի էր աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունն ու կոչով դիմել դաշնակից երկրների օրենսդիր մարմիններին։
Մամիջանյանը համոզված է, որ ՔՊ-ականների միակ նպատակն ընդդիմադիր խմբակցություններից քվեարկություն կորզելն էր, ոչ թե ՀՀ շահերը սպասարկելը։
Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան