Սպիտակ տունը Երևանին ու Բաքվին կոչ է անում վերականգնել ուղիղ հաղորդակցության ճանապարհները
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«ԱՄՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումներով։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել այս բռնությանը վերջ դնելու համար։
Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք ասել ենք, բայց հարկ եմ համարում կրկնել, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից։ Մենք նաև խրախուսում ենք կողմերին վերականգնել ուղիղ հաղորդակցության ճանապարհները՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական, և կրկին հաստատել դիվանագիտական գործընթացին հավատարմությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան