Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները․ ԱՀ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:
Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
«Միասնական հայրենիք»
«Արդարություն»
«Հայ հեղափոխական դաշնակցություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»