Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
Հարազատ թաղամասում՝ Հաղթանակում ու դպրոցում, Մանկավարժական համալսարանում... սգում են Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի հետևանքով զոհված Էդմոն Սարգսյանի մահը։
Հարազատ դպրոցի ուսուցիչները չեն հավատում կատարվածին։
«Իմ Էդմոն, իմ խելոք տղա, բառերս լռում են, տղաս, ցավից ու վշտից խեղդվում եմ, երանի սուտ լիներ....ինչու՞ լքեցիր ընկերներիդ, հօդս ցնդեցին բոլորիս սպասելիքները....»,-գրել է Էդմոնի ուսուցիչներից Ռուզաննա Հակոբյանը։
«Հիշեցի էն անհոգ օրերը... Հանգիստ, խելոք նստում էր դասարանի վերջում։ Ափսոս ու հազար ափսոս։ Միշտ կհիշեմ քո գեղեցիկ ժպիտը տղես, լույսերի մեջ մնաս»,-նշել է մեկ այլ ուսուցիչ։
«Ուշացած լիներ, ներս մտներ ու ամաչելով ժպտար, չկարողանայիր մի թթու խոսք ասել անգամ»,-հիշում է ՀԵՊ-ի ուսուցչուհին։
Ընկերներն առայժմ չեն կարողանում խոսել նրա մասին...
Էդմոնը սովորել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում գտնվող թիվ 113 դպրոցում։ Այսօր դպրոցի ֆեյսբուքյան էջում նրա մահվան մասին բոթն է ու ցավակցություններ.
«Խոր ցավով, մեծ կսկիծով տեղեկացանք, որ սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի զոհ է դարձել մեր սիրելի սան Էդմոն Սարգսյանը։
Ծանր է կորուստը, վիշտն՝ անփարատելի։ Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին։ Էդմոնի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում»։
Դպրոցն ավարտելուց հետո Էդմոնն ընդունվել էր Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչություն բաժին։ Ընդամենը մի քանի ամիս հասցրեց լինել լսարանում։
«Մանկավարժական համալսարանը կրկին անդառնալի կորուստ ունի․հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհվել է բուհի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը»,-գուժում է համալսարանի ֆեյսբուքյան էջը։
Էդմոնի կուրսղեկը Սամվել Սևադան էր։ Չնայած կարճ են շփվել ու չի հասցրել Էդմոնին լավ ճանաչել, սակայն հիշում է՝ կատակասեր, ժպտերես, պայծառ պատանի էր։ Մեր զրույցի պահին նա իր ուսանողների աշխատանքների արխիվն էր փորփրում՝ Էդմոնի արած լուսանկարներից գտնելու հույսով։
Լուսանկարում Էդմոնը ձախից առաջինն է։
«Էդմոնը սովորում էր մեծ ոգևորությամբ, ուրախությամբ զորակոչվեց նաև բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու»,-ասում է նա։
Էդմոն Սարգսյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում։ Բանակ զորակոչվել նախորդ տարվա հունվարին, ծառայում էր Վայոց ձորի զորամասերից մեկում։
Համալսարանի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, Էդմոնը ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի անդամ էր՝ հումորով, կատակասեր ու կենսուրախ։
«Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Էդմոն Սարգսյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։
Ծանր է կորուստը, վիշտն՝ անփարատելի․քաջարի հայորդու հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով երեկ հրապարակված տվյալներով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան