Իշխանությունն ինչպես 44-օրյա պատերազմում պլանավորած պարտության տարավ, այնպես էլ այսօր. Զոհվածի հարազատ
Ազգային ժողովի մոտ հավաքված ոստիկանները թույլ չտվեցին պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, քաղաքացիներին մտնել Դեմիրճյան փողոց ու մուտքի մոտ հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին՝ ներկայացնելու իրենց պահանջը՝ անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
«Ոստիկանները չթույլատրեցին ակցիայի մասնակիցները կամ գոնե 4-5 հոգի գնան մուտքի մոտ ու հանդիպեն ԱԺ մուտք գործող պատգամավորների հետ, լսել նրանց կարծիքը մեր առաջարկի վերաբերյալ։ Մեզ ուղղորդեցին ԱԺ ընդունարան, այնտեղ մենք խնդրեցինք կապ հաստատել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հետ, նրանց միջոցով ակնկալելով հանդիպում ՔՊ-ական մյուս պատգամավորների հետ։ Մեզ ընդունած անձը գնաց, եկավ ու որևէ արձագանք մեր պահանջի վերաբերյալ չուներ՝ այսինքն մեզ ընդունելո՞ւ են, թե՞ չեն ընդունելու։ Մեզ թողեցին անորոշության դաշտում»,- լրագրողներին ասաց «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ չնայած այս վիճակին, իրենք հանգիստ չեն թողնելու պատգամավորներին։
«Իրենք չեն կարող այս անհանգիստ իրավիճակի մեջ մեր ողջ հասարակությանը պահել անհանգսության մեջ, իրենք ապրեն հանգիստ կյանքում, մենք իրենց հանգիստ չենք տալու»,-նշեց նա։
44–օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հարազատ Եղիշե Զաքունցն ասաց, որ այս իշխանությունն ինչպես 44-օրյա պատերազմում պլանավորած պարտության տարավ, այսօր էլ պլանավորած տանում է պարտության Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում։
«Առաջնահերթ է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև այս ղեկավարության հետ միասին մենք համոզված ենք, որ գնալու ենք պարտության։ ՔՊ-ն առաջարկում է «Ադրբեջանի հետ համակեցության պայմաններ գտնել ու հաշտվել, քննարկվում է առաջարկների փաթեթ»։ Ի՞նչ է սա նշանակում, որ, սպասեք, ժողովուրդ ջան, նոր զիջումների։
Պետք է ճնշում գործադրենք այս կառավարության վրա»,- ասաց Եղիշե Զաքունցը։
Նա նշեց, որ երկու տարի՝ 44-օրյա պատերազմից հետո ոչ մի կերպ մեր բանակը չզինվեց, բայց այդ ընթացքում բարձրացվեց պարեկների աշխատավարձը. «Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունից, որ փող ունենք, բայց զինամթերք չենք կարող գնել, հասկանում ենք, որ իր վրա ճնշում կա։ Թուլամորթ անձնավորությունը, ով չի կարողանում պահել մեր ազգի շահերը, պետք է ստիպենք հեռանա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. «Այս վտանգի պահին մեր պետությունը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Փաշինյանը»
- Էդգար Ղազարյանը կոչ է անում բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ
- Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ ԱԺ շենքի դիմաց են. «ժողովուրդ, ոտքի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան