Քաղաքացիները ՄԱԿ-ից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես ագրեսոր
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ ի պատասխան Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիայի։
«Այսօր Ադրբեջանի մտավորականները շատ քաջ գիտակցում են, որ պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից։ Նրանք նշում են, Արցախի նկատմամբ պահանջատիրությունն ինչ-որ կերպ հասկանալի էր, հարցնում են, «հիմա ի՞նչ ես ուզում, Ալիև, արյան կարո՞տ ես, արյո՞ւն ես տեսնչում, որպես զինվոր սահման ես տանում աղքատ ընտանիքների, ազգային փոքրամասնությունների երեխաներին»»,-ասաց ակցիայի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը։
Բողոքի դուրս եկածները հիշեցնում են, որ Ռուսաստան-Ուկրաիա հակամարտության պարագայում արևմուտքը մեկ օր անգամ չուշացրեց պատժամիջոցները, մինչդեռ այսօր լռում են։
«Մենք կողմ ենք, որ բոլոր ագրեսորները պատժվեն»,-ասաց Մելքոնյանը։
Բողոքի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ այստեղ են բարձրաձայնելու, աշխարհին ցույց տալու, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում, մինչդեռ միջազգային կառույցները, որոնք ունեն պոզիտիվ պարտականություն, չեն արձագանքում տեղի ունեցածին։
«Սա մեր հայրենիքն է, մենք այստեղ ենք ապրելու, մեր երեխաները շարունակելու են այստեղ ապրել ու կերտել իրենց կյանքը։ Մենք ուզում ենք այստեղ ապրել անվտանգ, խաղաղ ու արժանավայել»,-ասաց ակցիայի մասնակիցներից Գայանե Սիմոնյանը՝ ավելացնելով, որ պատերազմը հասել ու մտել է բոլորիս տները։
Նրա խոսքով, միջազգային հանրությանն ուղղված այս պահանջը, բողոքը պետք է լինի ողջ ազգի կողմից, նաև պետական մակարդակով։
Ակցիայի մասնակիցները նշեցին՝ արևմտյան երկրները, միջազգային կազմակերպությունները կանգնեցին Ուկրաինայի կողքը՝ հիմնավորելով, որ խախտվել է այդ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավունքը, հիմա նույնը կատարվում է Հայաստանում ու որպես արձագանք՝ տիրում է լռություն։
Միջազգային կառույցների անգործությունից դժգոհ քաղաքացիները հումանիտար արևմուտքին հիշեցրեցին, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում տարեց՝ 84-ամյա կինը, որն այս պահին հիվանդանոցում է։
«Մարտունու ԲԿ-ում է գտնվում նաև 24-ամյա մի աղջիկ, որ վիրավորվել է իր բնակավայրի հրետակոծության հետևանքով։ Հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, որտե՞ղ է մարդը դառնում բացարձակ արժեք»,-ասաց Արմինե Մելքոնյանը։
ՄԱԿ-ի գրասենյակում հանդիպեցին ակցիայի մասնակից երկու կանանց հետ։ Նրանք խոսեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսի խորհրդականի հետ։
Հանդիպումից հետո Մելքոնյանը հայտնեց. «Նա ասաց, որ այս օրերին Լիլա Փիթրսն ամբողջովին լծված է Հայաստանից դեպի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ ինֆորմացիա տեղափոխելով։ Մեր ակնկալիքը չբավարարվեց, քանի որ մենք ակնկալում էինք, որ այսօրվա նիստը պետք է լինի Ադրբեջանի նկատմամաբ սանկցիաների կիրառման մասին, սակայն նիստը լինելու է զուտ փաստերի ներկայացման մասին։ Սակայն մենք գիտենք, որ մեր դիվանագիտական կորպուսը կաղում է։ Մենք այսօր հարիսայով լցված կաթսայի մոտ կանգնած ենք մեր թղթե շերեփով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին