Ադրբեջանի Նախագահին, բանակի ղեկավարներին պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության. Թաթոյան
«Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում»,- այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:
Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները:
Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Պաշտոնական տվյալներով այս պահին կա 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: