Կրեմլը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Միանշանակ լարվածությունը պահպանվում է, դուք գիտեք, որ երեկ որոշվել է, որ ՀԱՊԿ առաքելությունը կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ կգնա սահման, նրանք զեկույց կներկայացնեն պետությունների ղեկավարներին, որը կքննարկվի»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստը, որում ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկվել են ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման առաջարկները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյան. ՀԱՊԿ-ի նման որոշման նպատակն է խուսափել հավաքական պատասխանատվությունից
- ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում ազդել Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ կանխելու էսկալացիան
- ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- ՀԱՊԿ գագաթնաժողովը գլխավոր քարտուղարին առաջարկել է մեկնել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի
- ՀԱՊԿ-ն Հայաստանի պահանջով հրավիրել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ