Ցավոք, առանց ընթացքի խափանման հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացն առաջ չի գնում. ՌԴ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը սկզբնական փուլում է, և Մոսկվան ցավում է, որ առանց ընթացքի խափանման այն առաջ չի գնում: «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր սկզբնական փուլում է, մեր խնդիրն է առանց դրսի միջամտության ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները աշխատանքի առավելագույն արդյունավետությունն ապահովելու, սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար, որպեսզի խուսափենք երկու կողմերի համար նման զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, այն առանց ընթացքի խափանման առաջ չի գնում։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվեց»-ասել Գոնչարը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերն անց Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի և ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով կա պաշտոնապես հաստատված 49 զոհ։
Թշնամու հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացման ուղղությամբ
- ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
- Ադրբեջանը հայտնում է 50 մահացածի մասին
- Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման ուղղությամբ լուրջ փորձագիտական աշխատանք է տարվում. Պեսկով
- Ադրբեջանը կանխամտածված հարձակման թիրախ է դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները. ՔԿ