Աղաբաբյան. ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Պաշտոնական ինֆորմացիայի սղության, դրա հանդեպ տոտալ անվստահության պայմաններում մարդիկ ստիպված տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներ են փնտրում, կարդում և տարածում են չճշտված, իրականությանը չհամապատասխանող լուրեր։ Ստեղծված ինֆորմացիոն վակուումի պատճառով ամենից հաճախ մարդիկ հենց ադրբեջանական մեդիահարթակներում են տեղեկատվություն փնտրում, որն ամբողջովին ողողված է քարոզչությամբ և նվազագույնը՝ նպատակադրված է խուճապ և բարոյալքում տարածելու մեր հասարակության և զինված ուժերի շարքերում։
Այս նույն պատկերը կար նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Այն տպավորություն է, որ մեր հասարակությունը մտածված ուղղորդվում է դեպի թշնամու քարոզչադաշտ։
Փաստացի տեղեկատվության բացակայության, չճշտված լուրերի պատճառով արդեն մեկ ինքնասպանության դեպք ունենք։
Պատերազմի սանձազերծումից արդեն մոտ 32-33 ժամ է անցել, մեր զոհերի թիվը դեռ «ճշտվում է», չեն հրապարակվում անգամ նշված 49 զոհերի անունները։ Մինչդեռ ողջ հասարակությունը դեռ երեկվանից խոսում է մոտ երկու հարյուր զոհերի մասին։
ՊՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրում բնագծի փոփոխության և դիրքային կորուստների մասին։ Մի կողմից՝ դա հերքելն արդեն անիմաստ է. առնվազն սահմանին կպած բնակավայրերի բնակիչներն անզեն աչքով դա նկատում են, և էդ ինֆորմացիան՝ հաճախ խեղաթյուրված կամ չափազանցված, տարածվում է հասարակության շրջանում՝ կրկին խուճապային տրամադրություններ տարածելով։
Բայց մյուս կողմից՝ բնագծի փոփոխության, դիրքային ու տարածքային կորուստների մասին և զոհերի իրական թվի մասին լռելը մարդկանց մի ստվար հատվածի մոտ ռեալ պատերազմի փոխարեն ստեղծում է «թեթև ընդհարման» տպավորություն, ինչը բողոքի կամ ընդվզման ալիք բարձրացնել չի կարող։
Հիմնականում դրանով էլ պայմանավորված՝ հենց միայն Երևանի բնակիչներից շատ շատերը, պատերազմին անհաղորդ և անտարբեր, շարունակում են իրենց առօրյան, ասես ոչինչ չկա, անհանգստանալու կարիք չկա, այո, զոհեր կան, ու որպեսզի դրանք էլ չլինենք, «դե ինչ-որ թուղթ է, բան է, որ ստորագրեն, մի երկու բան է, որ տան, հանգիստ կապրենք»։
Բայց դե Արցախի "տալը" ցույց տվեց, որ հանգիստ ապրել էլ չի լինելու...»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին սկսել է նախահարձակ գործողություններ՝ Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղություններով
- Փաշինյան. Այս պահի դրությամբ ունենք 49 զոհ, բայց այս թիվը վերջնական չէ
- Թշնամին հայկական դիրքերի մոտ կրելով կորուստներ, վերադառնում է ելման դիրքեր. ՊՆ