
ՌԴ ԱԳՆ. Լաչինի միջանցքի նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից
Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհը, որը կապում է Լեռային Ղարաբաղը Հայաստանի հետ, կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում գործադրված ջանքերի գլխավոր արդյունքը ընդհանուր փոխըմբռնումն էր, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից: Միևնույն ժամանակ, օգոստոսի 30-ից երթևեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով՝ Լաչինն ու այլ բնակավայրերը շրջանցելով, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», - հայտարարել է Գոնչարը։
Նրա խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ «Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհ, իսկ 2023-ի ապրիլի 1-ից կլինեն նոր տարածքում»,- նշել է Գոնչարը։