Թող ՔՊ-ականներն ասեն վարչապետի թեկնածուի անունը, բայց նա պետք է կապ չունենա պարտության ու պատերազմի հետ. Խամոյան
«Գեղամ Մանուկյանը, խմբակցությանը տեղյակ պահելով, ելույթ էր ունենում, ձայներ լսելով փորձեցի հասկանալ, թե ինչ էր կատարվում ներսում, որովհետև պատկերացնել, որ ՔՊ-ական պատգամավորներով կարող են հարձակվել կամ այդպիսի ռեպլիկներ արձակել Գեղամ Մանուկյանի հասցեին, չէի սպասում»,- ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով ԱԺ դահլիճում այսօր տեղի ունեցած միջադեպը:
Նա հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավորների վրդովմունքի պատճառը նախորդ օրվա իրադարձություններն են, որի ժամանակ մի շարք քաղաքացիներ գնացել են իրենց տներ, եղել են նաև որոշակի գործողություններ:
«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, մեր խնդիրը ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների հետ չէ, այն մեզ համար սկզբունք է եղել, բայց մյուս կողմից, այո, նաև իշխանական պատգամավորները պետք է գիտակցեն՝ ինչ իրավիճակում ենք գտնվում և ինչ է կախված իրենց քայլերից: Մեր քաղաքական ուժի մեջ չկա մեկը, ով կարող է ողջունել այդ բռնությունը»,-ասաց Խամոյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրեց, որ իրենց պատգամավորներից որևէ մեկը որևէ մեկի տան հասցե չի հրապարակել և բռնության կոչ չի արել:
«Երեկվա բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել, որևէ մեկը կազմակերպիչ չի եղել, որևէ մեկի կոչով չեն հավաքվել, մարդիկ, լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինքնաբուխ հավաքվել են Հանրապետության հրապարակում և ԱԺ մերձակայքում: Պահանջ է հնչել, որ ընդդիմադիր պատգամավորները գան ու սկսեն իմպիչմենթի գործընթաց»,-հիշեցրեց Խամոյանը և հավելեց. «Մենք եկել, մեր ստորագրությունները դրել ենք, ընթերցվել է պատգամավորների ցուցակը հանրահավաքի ավարտին, երբ քիչ մարդ էր մնացել: Ասել ենք, որ սպասում ենք ՔՊ-ական այն 18 պատգամավորներին, որոնք ևս իրենց քայլը պետք է անեն և փոխեն Նիկոլ Փաշինյանին»:
Նա հայտնեց, որ նախորդ օրը հավաքի ժամանակ անձամբ է սադրիչներ տեսել, բայց հավաստիացրեց , որ այս իրավիճակում ընդդիմադիր պատգամավորները չէին կարող թույլ տալ, որ մի պայթյուն էլ Հայաստանի ներսում լիներ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն իր տարակուսանքն արտահայտեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի պահվածքից՝ այն գնահատելով «խիստ տարօրինակ» և շեշտելով, որ նա մանիպուլյատիվ հայտարարություններ է արել:
«Մեզ ասվեց, որ ձեզնից պահանջն այն է, որ դուք ձեր ստորագրությունը դնեք ձևաթղթերի տակ: Մենք դա արեցինք: Հետո նույն Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ոչինչ չենք անում և այլն»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Ագնեսա Խամոյանը հայտնեց, որ ՔՊ-ականները պետք է ազատվեն Փաշինյանի գերությունից:
«Լավ, թող իրենք ասեն վարչապետի թեկնածուի անունը, բայց այդ թեկնածուն պետք է կապ չունենա պարտության ու պատերազմի հետ: Սա իմ անձնական առաջարկությունն է»,-ասաց նա, հավելելով, որ ընդդիմությունը վարչապետի մի քանի թեկնածու ունեն, բայց ժողովուրդը պետք է ընտրի նրան:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտին միացող ՔՊ-ականներ կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն իր աշխատակազմում աշխատող Հովակիմ Հովակիմյանին առաջադրեց ՍԴ անդամի պաշտոնում
- Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
- Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներն ազդում են ցուցմունքներ տվող անձանց ազատության վրա.ՍԴ անդամի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին