Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն. Արմեն Գրիգորյան
«Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե սեպտեմբերի 14-ից ժամը 20։00-ից հրադադար է, ինչպե՞ս։
Հարցին՝ այսինքն հրադադարի պայմանավորվածություն կա՞, Արմեն Գրիգորյանն ասել է․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան