Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր. ՄԱԿ-ի ԱԽ նախագահ. «Արմենպրես»
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
«Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020 թվականից ի վեր: Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ: 2020 -ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, ինչպես նաև որոշ ուժերի կողմից բռնության դեպքերի կանխումը: Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելուն», - իր խոսքում նշել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ նիստում նշել է, որ Իռլանդիան խորը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով, ներառյալ քաղաքացիական օբյեկտներին հարվածները ՀՀ տարածում, ինչն արգելված է միջազգային հումանիտար իրավունքով։
«Մենք ողջունում ենք այս պահին կրակի դադարեցման մասին լուրերը։ Խստորեն կոչ ենք անում դադարեցնել կրակը և հետևել ավելի վաղ ձեռք բերված միջազգային համաձայնությանը: Ընդգծում ենք , որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը, այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացնում Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կպահպանեն հրադադարը
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը