Կորոնավիրուսի ծագման աղբյուրի որոնումը շարունակվում է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շարունակում է SARS-CoV-2 վիրուսի ծագման որոնումները։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի հայտարարությունում, որն անդրադարձել է աշխարհի ամենահեղինակավոր բրիտանական բժշկական հանդեսի՝ Lancet-ի գիտնականների կողմից կորոնավիրուսի վերաբերյալ զեկույցին, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ «Lancet»-ի հանձնաժողովը երկու տարվա աշխատանքի վրա հիմնված զեկույց էր հրապարակել, որում նշվում էր՝ չի բացառվում COVID-19-ի լաբորատոր ծագումը։
«ԱՀԿ-ն շարունակում է ակտիվորեն զբաղվել SARS-CoV-2-ի ծագման որոնմամբ, 2021 թվականի հուլիսին ստեղծվել է գիտական խորհրդատվական խումբ՝ նոր ախտածինների ծագման հարցով, որը զբաղվում է ինչպես SARS-CoV-2-ով, այնպես էլ ապագա նոր հարուցիչներով»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։
«Lancet»-ի հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի հունիսին՝ ուսումնասիրելու SARS-CoV-2 վիրուսի ծագումը։ Հանձնաժողովի հիմնական նպատակն էր «մշակել նոր վարակիչ հիվանդությունների հետագա բռնկումների կանխարգելման և զսպման վերաբերյալ առաջարկություններ» և դրանք հրապարակել վերջնական զեկույցում։
Հունիսին հանձնաժողովի նախագահ Ջեֆրի Սաքսը Իսպանիայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ COVID-19-ը ստեղծվել է լաբորատորիայում՝ օգտագործելով ամերիկյան տեխնոլոգիան։