Այս հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, բանակին, նահատակված հերոսներին. Արթուր Ալեքսանյան
Գիշերը Բելգրադից Հայաստան է վերադարձել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ, ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են հարազատները, ընկերները, երկրպագուները։
Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ներողություն խնդրեց համեստ դիմավորելու համար՝ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով։ Սովորաբար չեմպիոններին դիմավորում են զուռնա-դհոլով։
«Եզրափակիչից հետո չհասցրեցի ուրախանալ՝ իմանալով, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին: Այս հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, բանակին, այս քանի օրը հայրենիքի համար նահատակված հերոսներին: Պետք է համախմբված լինենք, հույսներս մեր վրա դնենք, մեր հայրենիքը մենք պետք է պահենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-13-ը Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ՝ 1 ոսկե, 1 բրոնզե: Արթուր Ալեքսանյանը նվաճել է չեմպիոնի կոչումը և արդեն չորրորդ անգամ դարձել ոսկե դափնեկիր, բրոնզե մեդալակիր՝ Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն
- Մալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակչում
- Արթուր Ալեքսանյանը հաղթել է թուրք մրցակցին