«Ժողովուրդ». Ինչու է ՔՊ-ի ներսում իրական գզվռտոց սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում իրական գզվռտոց է սկսվել մի քանի պատգամավորների՝ հրապարակ նետած առաջարկ-թեզից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը, Լենա Նազարյանն ու Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ մինչև Փաշինյանի խորհրդարան գալը՝ խմբակցության նիստի ժամանակ, հայտարարել են, թե կարելի է դիտարկել Ադրբեջանի՝ տարածքային ամբողջականության ճանաչման պահանջը ու վերջ տալ սահմանային չդադարող լարվածությանը, ասել է թե՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել ու, այսպես ասած, մեկընդմիշտ փակել թեման:
Հայտարարությունը, բարեբախտաբար, միանշանակ չի ընդունվել, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոնշյալ պատգամավորները չեն ընկրկել ու այսօր էլ շարունակում են համոզել իրենց գործընկեր պատգամավորներին, թե այս պահին միակ լուծումը դա է: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել խմբակցության դռնփակ նիստը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սոնա Ղազարյանը՝ ըստ երևույթին չհերքելով, որ նման առաջարկով են հանդես եկել:
Արսեն Թորոսյանն էլ թեև տեսավ մեր հաղորդագրությունը, բայց այդպես էլ չարձագանքեց դրան: Փաստորեն, երբ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է, 18-ամյա հայ զինվորներն ու պայմանագրայինները կյանքի գնով սահման են պահում, ատամներով մաքառում են ամեն մի միլիմետրի համար, երկրի քաղաքական իշխանությունում մարդիկ կան, որ դեմ չեն հակառակորդին տարածքներ նվիրել: Գուցե վախենում են, որ պատերազմը նաև իրենց դուռը կարող է թակել, ու փորձում են սիրաշահել խաղաղությունը զենքով պարտադրող մեր վայ հարևաններին, չեն հասկանում, սակայն, որ դա հարցի լուծում չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան