Արթուր Դավթյան. Երկար ասելիքի հարկը չեմ տեսնում
Գլխավոր դատախազությունը հրապարակել է Արթուր Դավթյանի հրաժեշտի խոսքը՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը:
Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր երկրում անվտանգությանն ու կայունությանը, իրավակարգի պաշտպանությանը, դատախազության իմ հարազատ համակարգի զարգացմանը նպաստելու մեծ նվիրումով:
Այս օրերին, երբ մեր սրբազան հայրենիքի համար բարդ ու վճռական ժաանակահատվածում բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում:
Երախտիքի խոսք եմ ուղղում եղբայրներիս ու քույրերիս՝ դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների նվիրյալ գործընկերնեիս՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար:
Նոր գլխավոր դատախազին մաղթում եմ արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա:
Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»։