Կաթողիկը պատրաստակամ է նպաստել այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Կաթողիկոսի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հանդիպումը:
MediaHub-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը մանրամասնել է հայտնել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին։
«Այո, սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը քննարկվել է պատգամավորի կողմից հանրայնացված առաջարկը՝ առկա իրավիճակի հանգուցալուծման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ նախկին նախագահների համախմբման վերաբերյալ»,-ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նա հավելել է որ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ փոխնախագահ, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. «Հապաղելու ժամանակ չունենք, օրվա իշխանությունների հետ լեզվակռվի ժամանակ չունենք, ոչ ոքի ոչինչ ապացուցելու կամ համոզելու ժամանակ չունենք։ Պետք է գործել։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում ստեղծված իրավիճակն իսկապես օրհասական է։ Մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է միավորել մեր ժողովրդի բոլոր կարող ուժերը»։