Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ Պեսկով
Կրեմլում հուսով են, որ ՀԱՊԿ-ի խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այս շաբաթ մենք հուսով ենք, որ տեսչական խումբը, այնուամենայնիվ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ կժամանի սահման, որից հետո զեկույց կպատրաստվի ՀԱՊԿ երկրների ղեկավարների համար։ Իսկ վաղը կլինի Վլադիմիր Պուտինի շփումը Իլհամ Ալիևի հետ»,- ասել է նա լրագրողներին։
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ առաքելությունն այսօր երեկոյան Երևան կժամանի
- ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը.Արարատ Միրզոյան
- Զոհրաբ Մնացականյան. ՀԱՊԿ-ի նման որոշման նպատակն է խուսափել հավաքական պատասխանատվությունից
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան