Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում ՄԱԿ-ի կանոնադրության խախտումն ակնառու է. Ալեսսանդրո Պագանո
Իտալիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Իտալիայի Պատգամավորների պալատում Լեգա կուսակցության փոխնախագահ Ալեսսանդրո Պագանոն սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ միջազգային համայնքը պետք է դատապարտի զինված ագրեսիան:
«Միջազգային հանրությունը պետք է խստորեն և միանշանակ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Ցավում ենք զոհվածների ընտանիքների համար։
Ադրբեջանական զինված ուժերը կիրառել են ծանր հրետանի, բազմակի օգտագործման հրթիռահրետանային համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ ռմբակոծել են Հայաստանի Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքները և հարակից գյուղերը։
Ուժի կիրառման և Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերում ՄԱԿ-ի կանոնադրության խախտման հետևանքները բոլորի աչքի առաջ են, ինչպես նաև այն, որ դա ևս մեկ հարձակում է այս տարածաշրջանի քրիստոնեական համայնքի վրա»,-գրել է Ալեսանդրո Պագանոն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 135 է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի շարունակվող ագրեսիան անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը. Պապիկյան
- Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է ԱՄՆ Կոնգրեսում՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի անցկացման ուղղությամբ
- Գլխավոր դատախազություն. Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան