Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները գիտության համար նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ
ՀՀ ԳԱԱ-ն տեղեկացնում է, որ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները գիտության համար նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ։
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Հնէաբուսաբանության բաժնի գիտաշխատողները գիտության համար նկարագրել են մի շարք նոր բրածո բուսատեսակներ.
1. Թխկի հայաստանյան - Acer hajastana Papikyan;
2. Բարդի Թախտաջյանի - Populus takhtajanii I.Gabrielyan;
3. Նիսիդիում - Nyssidium jiayinense sp. nov.;
4. Թխկի Ժիլինի - Acer zhilinii I. Gabrielyan et R. Hovsepyan;
5. Բարդի Գոխտունու- Populus goghtuniae I.Gabrielyan:
Հնէաբուսաբանական ուսումնասիրությունների շրջանակում Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողները Որոտան գետի ավազանի վաղ պլեյստոցենի և Արարատի ու Վայոց ձորի սահմանագծի վրա գտնվող Հորթունի պլիոցենյան ֆլորաներ պարունակող նստվածքաշերտերից հայտնաբերել են բրածո բույսերի մոտ 300 տաքսոններ:
Հնէաբուսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը և գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աստղիկ Պապիկյանն աշխարհի պալեոֆլորայի համար առաջին անգամ նկարագրել են մոտ 120 տեսակ, Հայաստանի և Արցախի պալեոֆլորայի համար առաջին անգամ` մոտ 15 նոր ցեղ (Aulacomnium Schwagr., Brassaiopsis Decne. & Planch. և այլն) և մոտ 200 նոր տեսակ: Բացահայտվել է, որ մոտ 50 տաքսոնների ժամանակակից համարժեք տեսակներն այսօր չեն աճում Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Բոլոր ընտանիքները, բացառությամբ Eucommiaceae, ներկայացվել են Հայաստանի ներկայիս ֆլորայում, իսկ 15 ցեղ չի հանդիպել Հայաստանի ներկայիս ֆլորայում: Դրանք են՝ Tsuga, Alnus, Brassaiopsis, Eleutherococcus, Eucommia, Ostrya, Parrotia, Pterocarya և այլն»,- ասաց հետազոտության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանը: Նա նշեց, որ հայտնաբերել են նաև ՀՀ բրածո ֆլորայի համար հարյուրից ավելի նոր տաքսոններ՝ հիմնված բրածո ծաղկափոշու և բույսերի այլ միկրոմնացորդների վրա:
«Վաղ պլեյստոցենյան և ժամանակակից կլիմայական պայմանների համեմատությամբ բացահայտվել է, որ Որոտանի ավազանի միջին հոսանքների ներկա կլիմայական պարամետրերը համապատասխանում են Սիսիանի դիատոմիտային ստվարաշերտերի բրածո բուսականությամբ բացահայտված վաղ պլեյստոցենի պալեոկլիմայի միջին տարեկան ամենացուրտ և համեմատաբար խոնավ պարամետրերին: Իրականացված աշխատանքները բացահայտում են նախկին կլիմայական տատանումների պարամետրերը և օգնում են կանխատեսել ապագա կլիմայական փոփոխությունները»,- ասաց Իվան Գաբրիելյանը:
Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտին հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին