Դավիթ Ներսիսյան. Պատերազմում անմահացածը
Արարատի մարզի Տափերական գյուղն այս անգամ էլ պատերազմը չշրջանցեց։
Երեկվանից գյուղում սուգ է. թշնամու նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում՝ Իշխանասարի մարտերում զոհվել է ժամկետային զինծառայող Դավիթ Ներսիսյանը։ Բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ...
«Ցավով տեղեկացնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Տափերական համայնքի բնակիչ Դավիթ Արմենի Ներսիսյանը:
Տափերական համայնքն իր խորին ցավակցություններն է հայտնում Դավիթ Ներսիսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ ու տոկունություն:
Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը»,-գուժում է Տափերականի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Գյուղում դեռ թարմ էին 2020-ի պատերազմի վերքերը, վիշտն ու հիշողությունը... Արցախյան երրորդ պատերազմում գյուղը երկու զոհ էր տվել, ապրիլյան պատերազմում՝ մեկ, ղարաբաղյան առաջին պատերազմում՝ երկու զոհ...
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զոհերի ճշգրտված թիվը 135 է, սակայն այն վերջնական չէ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ հայկական կողմն ունի զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում։ Ադրբեջանը նաև 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանի տարածքից։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Դեռ ոչ մի նահատակի անուն պաշտոնապես չի հայտարարվել
- Հայրենասեր, հայրենանվեր կին. Զոհվել է ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը
- Ջերմուկում արիաբար զոհվել է եզդի շեյխ Սիաբանդ Քյարամի Թամոյանը
- Կատակասեր, ժպտերես ու առույգ. Այսպես են հիշում երեկ անմահացած Էդմոնին
- Հայրենիքի պաշտպանը. նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց
- Տափերականում բացվել է Ռոբերտ Աբրահամյանին նվիրված խաչքար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան