Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջ և հասնել Սյունիքի միջանցքի բացմանը. Սեյրան Օհանյան
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ սանձազերծած հերթական, հարձակողական գործողություններն արդյունք են նրան, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո փորձում է սեղմել օղակը ՀՀ-ի շուրջը, ավելացնել ճնշումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ և հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների, Սյունիքի միջանցքի բացմանը։ Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Հաջորդ խնդիրն, ըստ նրա, այն է, որ ՀՀ իշխանությունները, հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը, Հայաստանում գործող միջազգային բոլոր կազմակերպությունների հետ միասին չեն կարողացել դատապարտել Ադրբեջանի սադրանքները, նրա կողմից իրականացված հանցագործությունները՝ խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները։
«Մենք պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի սադրանքներին, քանի որ Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ և ՀՀ իշխանություններն իմանալով իրավիճակը, հատկապես բանակցային գործընթացում պայմանավորվածությունները, պարտավոր էին նախապատրաստել հասարակությանը։
Բոլորը գիտեն, որ պատերազմական գործողությունների նախնական փուլում տեղի են ունենում քարոզչական պատերազմի էլեմենտներ և քաղաքացիներն ահազանգում էին, որ սա պատերազմական գործողությունների նախերգանք է։ Այդ իրականության մեջ մենք պարտավոր էինք մարտական պատրաստականության բերել մեր զորքերը, որպեսզի չունենայինք այսպիսի աղետալի իրավիճակ»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, մարտավարական գործողությունների արդյունքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ դիրքային, ճշտել զոհվածների, գերիների, անհետ կորածների, վիրավորների թիվը և պատշաճ ներկայացնել հանրությանը։
«Հաջորդ քայլն այն է, որ պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այսպիսի հաջորդ սադրանքներին Հայաստանը կարողանա պատրաստ լինել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան