Կան ուղղություններ, որտեղ ռազմական տեսանկյունից 100 մ. մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ:
ԳՇ պետի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։
Սա, ի դեպ, այն դեպքում, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հանձնեց Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանները, Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից հեռու էր 12 կմ-ով:
Վերջինիս տեղեկացմամբ, Ադրբեջանը Ներքին Հանդի ու Վերին Շորժայի ուղղությամբ շարժվել է 1,5կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Մի կողմից խնդիր ունենք տարածքային ու մարդկային մեծ կորուստների հետ, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ կան ուղղություններ, որտեղ ռազմական, ռազմավարական տեսանկյունից 100 մետր հատվածում մխրճումը կարող է տասնապատիկ ավելի մեծ հարվածներ հասցնել երկրի անվտանգությանը, քան մեկ այլ՝ կամայական հատվածում՝ 1 կմ-ի առաջխաղացումը:
Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո արդեն 3-րդ ագրեսիան է իրականացնում՝ 2021 թվականի մայիսից ու նոյեմբերից հետո, դեռ չեմ խոսում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ ներխուժումը:
Այս ընթացքում Ադրբեջանի փորձել է առավելագույնս դուրս գալ իր համար բարենպաստ շրջաններ, դիրքավորվել մարտավական և ռազմավարական բարձունքներում, որը մի կողմից նրան թույլ կտա վերահսկողություն ապահովել ՀՀ ռազմավարական օբյեկտների, կոմունիկացիաների, հանգույցների նկատմամբ, մյուս կողմից՝ առավել մասշտաբային գործողությունների դեպքում, զգալի մեկնարկային առավելություններ ստանալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա. ԶՈւ ԳՇ պետ
- Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 135 է. Նիկոլ Փաշինյան
- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել են մեր երկրից․ Փաշինյան