Ադրբեջանի շարունակվող ագրեսիան անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը. Պապիկյան
Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։
Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղեկցվող ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրից ավելի զոհեր և տարբեր աստիճանի ծանր վիրավորում ստացած քաղաքացիական անձիք:
Նշվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը` կիրառելով ծանր հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ, թիրախավորել են Հայաստանի Հանրապետության սահմանի հարավային և արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրերը և կենսական ենթակառուցվածքները, հրկիզման են ենթարկել մեծածավալ անտառածածկ տարածքներ:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժումը Ադրբեջանի՝ անցած դարի 90-ականներից սկսած առավելապաշտական և հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որով սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նա հավելել է, որ 2020 թվականի Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ոչ պատշաճ դատապարտումն էր, որ կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար` տապալելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, և ընդգծել, որ միջազգային հանրության համարժեք և հասցեական արձագանքի ու քայլերի շնորհիվ հնարավոր է կանխել վերջինիս ագրեսիվ քաղաքականության դրսևորումներն ու առավելապաշտական նկրտումները:
Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնի եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարի կազմակերպության հիմնարար սկզբունքները։
Դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ ուժի հետագա կիրառումը կամ դրա սպառնալիքը կխաթարի տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։
Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան