Ֆրանսիահայերը բողոքի ցույց են կազմակերպել երկրի ԱԳՆ-ի դիմաց ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
ՀՅԴ-ն հայտնում է, որ 2022 թ. սեպտեմբերի 15-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզում` երկրի ԱԳՆ շենքի մոտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Ադրբեջանի կանխամտածված ագրեսիայի նկատմամբ` ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի: Ցուցարարները վանկարկում էին «Կանգնիր Ալիև: Դուրս կորիր Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ» և այլն:
«Մոտ 20 քաղաքական գործիչներ եկել էին աջակցելու հայկական պայքարը` ներառյալ Գաբրիել Աթթալը` երկրի կառավարության նախկին խոսնակ, իսկ այժմ Պետական հաշիվների գծով նախարար-պավիրակը:
Իր խոսքում, Արա Թորանյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որը գրեթե միակն է աշխարհում, ով դիվանագիտորեն արձագանքել է իրավիճակին` խնդիրը փոխանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին: «Բավական է գլուխներդ թաղեք հողի մեջ: Եթե ոչ մեկին չթողնենք բաժանել մեզ, մենք կհաղթենք», – նշել է նա` որպես օրինակ բերելով 1918 թ. Սարդարապատն ու 1990-ականներին Արցախը:
Ակցիային միացած Բերիվան Ֆըրաթը` Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական խորհրդի խոսնակը, նշեց. «Հայերի պայքարը, ճնշված ազգերի պայքարն է, իմ պայքարն է: Այսօր ես հայ եմ: Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, ասորիների և նար Ֆրանսիայի համար, Արևմուտքի համար, մեր երիտասարդության և սերունդների համար»:
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն էլ իր հերթին ավելացրեց. «Այսօր Բաքուն հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա: Անթույլատրելի է հարձակում գործել ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա և պատասխան չստանալ դրա համար ՄԱԿ-ի կողմից: Մենք վախում ենք Հայաստանի, նրա անվտանգության և ժողովրդի համար: Մենք պետք է ելք գտնենք` ապահովելու ՀՀ-ի և Արցախի հայերի անվտանգությունը»»,- ասվում է հաղորդագրությունում։