Ավարտվե՞լ է պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հետաքրքիր զուգադիպությամբ Ալիևն ու Էրդողանը, մեկ օրվա տարբերությամբ, խոսում են Հայաստանի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի ավարտի մասին։
Իհարկե, այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը չի շտապում հետ քաշել իր ռեզերվային ուժերը կամ ռեժիմի փոփոխություն անել մարտական բարձր պատրաստականության բերված զինված ուժերի հարցում։
Ավարտվե՞լ է պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել։
Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում» և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։
Ամեն դեպքում «խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով Ադրբեջանն ու Թուրքիան նվազագույնը 2 խնդիր են լուծում՝ առաջինը, միջազգային հանրությանը ցույց տալիս, թե շահագրգիռ չեն պատերազմական գործողությունների վերսկսման համար, երկրորդ, «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարվածի անսպասելիությունը ապահովելու համար»։