«Արցախը (Ղարաբաղը) պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով Մոսկվայում
Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մոսկվայի հայկական եկեղեցում կայացել է «Արցախը (Ղարաբաղը) պատմական և ժամանակակից համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցել են 50-ից ավելի հայագետներ, պատմաբաններ, հնագետներ, մշակութաբաններ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից: Հեռավար զեկույցներով հանդես են եկել նաև հայագետներ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից:
Գիտաժողովին մասնակցել են նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (www.monumentwatch.org) ծրագրի թիմի անդամները, որոնք ներկայացրել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի պատամության թանգարանը։ monumentwatch.org կայքից տեղեկանում ենք, որ նրանք հանդես են եկել հետևյալ զեկուցումներով։
Համլետ Պետրոսյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հնագիտական հետազոտություններն Արցախում․ Աղվանական եկեղեցու ինստիտուցիոնալացման ժամանակի և բնույթի մասին նոր տվյալների լույսի ներքո»։
Լյուբա Կիրակոսյան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր «Թաղածածկ դահլիճի հորինվածքը Արցախի ճարտարապետության մեջ»։
Նժդեհ Երանյան, պատմական գիտությունների թեկնածու, «Արցախյան տափաստանի մարդակերպ կոթողների էթնո-մշակութային պատկանելության հարցի շուրջ»։
Արմինե Գաբրիելյան, պատմական գիտությունների թեկնածու, «Կարասային թաղումները և էթնիկության խնդիրը աղվանա-հայկական շփման գոտում անտիկ շրջանում»։
Ռուբեն Հովսեփյան, պատմական գիտությունների թեկնածու, «Արցախի մշակութային ժառանգության հարձակումներն ադրբեջանական մեդիա հարթակներում»։
Հայկուհի Մուրադյան, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանի մշակութային քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգության հանդեպ»։
Արմինե Տիգրանյան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ «Պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային համակարգը և ադրբեջանական վանդալիզմը»։
Անուշ Սաֆարյան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի հայցորդ «Խաչքարեր․ Ադրբեջանի պետական քաղաքականությունն Արցախի մշակութային ժառանգության հանդեպ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին