Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչություն
Ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է ադրբեջանական գերության մեջ։ Այս մասին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունն արդեն տեղեկացրել է Եվրոպական դատարանին։
«Այսօր առավոտյան դիմել ենք Եվրոպական դատարան՝ տեղեկացնելով, որ գերին փաստացի սպանվել է գերության մեջ։ Նշել ենք, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը։ Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից»,- Panorama.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա նշեց, որ պահանջել են Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց. «Քանի որ օրեր առաջ Ադրբեջանին ժամկետ էր տրված մինչև սեպտեմբերի 22-ը պատասխան տալ գերիների գտնվելու վայրի մասին, բժշկական տեղեկանք, հիմա պահանջում ենք մինչև ժամկետն ավելի արագ հրատապ միջոց կիրառել»։
Հիշեցնեն՝ Ադրբեջանի վերջին հարձակումից ժամեր անց ադրբեջանական թելագրամ ալիքներում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են թշնամու զինվորներն առաջին օգնություն ցույց տալիս ուսի շրջանում վիրավոր հայ զինծառայողին։ Զինվորը 2002թ. ծնված ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյան էր։ Գերեվարված Դավիթ Գիշյանին թշնամին սպանել է, նրա մարմինը փոխանցել Հայաստանին։ Նրա մարմինը եղել է ադրբեջանական կողմից սեպտեմբերի 17-ին ՀՀ–ին փոխանցած 32 դիերի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գերության մեջ անմահացած Դավիթ Գիշյանը
- Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի. ՊՆ «Արմենպրես»
- Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը ներկայացվել են միջազգային կազմակերպություններին. ՄԻՊ
- Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին
- Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին
- ՀՀ-ն դիմել է Եվրոպական դատարան՝ տեսանյութերում երևացող ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանության համար